PAO Armenia
Ընթացակարգ

Հայաստանում Թվինինգի ընթացակարգերը կարգավորվում են «Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվող Թվինինգ, Թայեքս, Սիգմա և այլ գործիքների ծրագրային առաջարկների և հայտերի պատրաստման, ներկայացման և  հաստատված ծրագրերի իրականացման մասին» ՀՀ կառավարության թիվ 605-Ն որոշմամբ և «Թվինինգի ընդհանրական ձեռնարկով» ու դրա հավելվածներով:

Թվինինգի յուրաքանչյուր ծրագրում առաջին քայլը շահառու երկրի կողմից իր կարիքների գնահատումն է, որից հետո մշակվում է Թվինինգի ծրագրային առաջարկը: Այդ առաջարկում թվարկվում են իրականացման ենթակա հիմնական խնդիրներն ու պարտադիր արդյունքները: Այն պետք է առնչվի ԵՄ-ՀՀ ԳՀՀ և ԵՀՔ գործողությունների ծրագրին, ինչպես նաև ԵՄ ընդհանուր չափանիշներին ու լավագույն փորձին: Հայտը պետք է շահառու մարմնի կողմից` համապատասխան պատասխանատու անձի միջոցով ուղարկվի ՀՀ էկոնոմիկայի նախարարության ծրագրերի կառավարման գործակալություն (Գործակալություն):

Դրան հաջորդում են հետևյալ քայլերը`

1. Նախապատրաստական փուլ

  • Գործակալությունը գնահատում է ստացված Թվինինգ հայտերի համապատասխանությունը ԵՄ չափանիշներին և ՀՀ կառավարության գերակա ուղղություններին,
  • Թվինինգի պահանջներին բավարարող և ըստ գերակայությունների դասակարգված հայտերը գործակալությունն ուղարկում է Թվինինգ ծրագրերի իրականացման խորհրդին, որը նախագահում է ՀՀ էկոնոմիկայի նախարարը,
  • Թվինինգ ծրագրերի իրականացման խորհրդի և Հայաստանում ԵՀ պատվիրակության կողմից ստացված հայտերը հաստատելուց հետո' Գործակալությունն օգնում է շահառու մարմիններին Թվինինգ ծրագրի նկարագրի պատրաստման նպատակով փորձագետների տեխնիկական առաջադրանքի մշակման գործում,
  • ԵՀ պատվիրակությունը ընտրում և նշանակել Թվինինգը պատրաստող փորձագետներ,
  • Թվինինգ ծրագրի նկարագրի պատրաստումից և Բրյուսելում ճյուղային գլխավոր տնօրինության հետ խորհրդակցություններից հետո, Թվինինգ ծրագրի նկարագիրը շրջանառվում է ԵՄ անդամ պետությունների ազգային պատասխանատուներին,
  • ԵՄ անդամ պետություններին հրավեր է ուղարկվում ներկայացնել պետական համապատասխան հատվածի փորձը ներկայացնող Թվինինգ առաջարկ: Այնուհետև Թվինինգ առաջարկներն ուղարկվում են շահառու մարմնին և ընտրության որոշակի ընթացակարգերից հետո շահառու մարմինն ընտրում է այն առաջարկը, որն առավել համապատասխանում է իր կարիքներին,
  • վերջին քայլը ընտրական կոմիտեի (կազմված է շահառու մարմնի և պատվիրակության ներկայացուցիչներից) կողմից ներկայացված առաջարկների ընտրությունն է:

2. Իրականացման փուլ

  • Ընտրությունից հետո Թվինինգի գործընկերները մշակում են աշխատանքային մանրամասն ծրագիր, որը համապատասխան բյուջեի հետ միասին պետք է կազմի Թվինինգ պայմանագրի հիմքը,
  • Թվինինգի պայմանագրի նախագծի բոլոր բաղադրիչները գնահատվում են Եվրոպական հանձնաժողովի կենտրոնական գրասենյակի (EuropeAid) կողմից,
  • Վերջնական գնահատումից հետո` Թվինինգի փոփոխված պայմանագիրը հաստատվում է և գործընկերները կարող են դրանից հետո ստորագրել այն,
  • Հայաստանում ԵՀ պատվիրակության պաշտոնական հավանությունը հանդիսանում է Թվինինգ ծրագրի օրինական սկիզբ,
  • Իրականացման փուլում հիմնական դերակատարներն են գործընկերները (Թվինինգ ծրագրում ներգրավված ՀՀ շահառու մարմին և ԵՄ անդամ պետություն (պետություններ)), Գործակալությունը և ՀՀ-ում ԵՀ պատվիրակությունը,
  • Վերահսկող կոմիտեի եռամսյակային հանդիպումները կարևոր են Թվինինգ ծրագրի իրականացմանը հետևելու առումով: Այդ հանդիպումները թույլ են տալիս շահագրգիռ բոլոր կողմերին ստուգել ծրագրի ճիշտ ընթացքը և պարտադիր արդյունքների իրականացումը կամ հաղթահարել հնարավոր դժվարություները,
  • Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությամբ կատարվող արտաքին գնահատումը կարող է տեղի ունենալ Թվինինգ ծրագրի իրականացման բոլոր փուլերում:

Ծրագրի ընթացքում Թվինինգ պայմանագրում հնարավոր է կատարել փոփոխություններ` փոքր փոփոխությունների համար պատրաստելով համապատասխան փոփոխություններ, իսկ խոշոր փոփոխությունների դեպքում` պայմանագրում կատարելով համապատասխան լրացումներ: