Սիգման աջակցում է իր գործընկերներին ղեկավարման և կառավարման բարելավման խնդիրներում` հետևյալ միջոցներով.
- գնահատում է բարեփոխումների ընթացքը և սահմանում գերակայություններ` Եվրոպական պատշաճ գործելակերպերին և ԵՄ գործող օրենսդրությանը (Community Acquis) համապատասխան,
- աջակցում է որոշումներ կայացնողներին և վարչական մարմիններին` ինստիտուցիոնալ կարողությունների հզորացումը եվրոպական չափորոշիչներին և լավագույն փորձին համապատասխանեցնելու և իրավական դաշտի ու ընթացակարգերի մշակման գործում
- նպաստում է ԵՄ, եվրոպական և ոչ եվրոպական այլ դոնորների աջակցության տրամադրմանը` օժանդակելով ծրագրերի մշակման, նախապայմանների սահմանման և ծրագրի իրականացման հարցերում:
Աշխատանքային մեթոդները
Սիգմայի գործունեությունը հիմնված է շահառուների հետ գործընկերության վրա: Սիգմայի ընթացակարգերը ճկուն են, ինչը հնարավորություն է ընձեռում արագ և համարժեք կերպով արձագանքելու յուրաքանչյուր գործընկերոջ կողմից սահմանված գերակայություններին և ներկայացված աջակցության յուրահատուկ հայտերին:
Ծրագրերը կարող են նախաձեռնվել գործընկերների, ԵՀ-ի կամ Սիգմայի կողմից: Յուրաքանչյուր նախագծի համար պարտադիր պահանջ է դրանում Սիգմա ծրագրի բարեփոխումների գերակայությունների արտացոլումը և ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման ԵՀ նպատակների իրագործմանը սատարումը: Ներգրավված կողմերը մշակում են նախագծի փաստաթուղթը և անմիջապես ներկայացնում ԵՀ` նախնական հաստատման: Կողմերի միջև քննարկումների տասնօրյա կարճատև փուլից հետո ծրագիրը կարող է մեկնարկել:
Սիգմայի աշխատանքային մեթոդները մշտապես հարմարեցվում են յուրաքանչյուր գործընկերոջ կոնկրետ կարիքներին և գերակայություններին: Որևէ գործընկեր կարող է ինտենսիվ աջակցության կարիք զգալ արհեստավարժ քաղաքացիական ծառայության զարգացման հարցերում, իսկ մեկ ուրիշը կարող է ջանքերն ուղղել պետական ֆինանսների ներքին վերահսկողական համակարգերի հզորացման վրա: Սիգմայից կարելի է նաև աջակցություն հայցել պետական կառավարման համակարգի բարեփոխումների ծրագրերի մշակման հարցում: Սիգմայի և գործընկեր հաստատությունների ու մասնագետների միջև շարունակական գործակցությունն էական նշանակություն ունի' առաջնահերթ գործողությունները գերակա կարիքներին համապատասխանեցնելու առումով:
Աջակցության մեխանիզմներ
- Խորհրդատվություն բարեփոխումների, ռազմավարական զարգացման պլանների մշակման և իրականացման հարցում,
- «Գործընկերը գործընկերոջը» սկզբունքով կարծիքների ու գնահատականների տրամադրում և աջակցություն,
- Իրավական դաշտի, մեթոդաբանությունների, համակարգերի և հաստատությունների վերլուծություն և գնահատում,
- Եվրոպական Հանձնաժողովի աջակցությունն առավելագույնս արդյունավետ դարձնելու նպատակով մեթոդաբանական, տեխնիկական և ռազմավարական աջակցություն,
- Աջակցություն ցանցերին,
- Ձեռնարկների և այլ տեղեկատվական նյութերի մշակում,
- Ուսուցում:










This project is funded by the EU