PAO Armenia
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թայեքսը (Տեխնիկական աջակցություն և տեղեկատվության փոխանակում) հանդիսանում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման գլխավոր տնօրինության կառույցների զարգացման ստորաբաժանման գործիք:

Թայեքսը հիմնադրվել է 1996թ.`  պարտադիր  բարեփոխումների միջոցով թեկնածու երկրներում ԵՄ ընդհանուր օրենսդրության  անհապաղ ներդրմանը սատարելու նպատակով: 2006 թվականից գործիքի կիրառումն աստիճանաբար տարածվեց Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում ընդգրկված երկրներում և Ռուսաստանում, որի նպատակն էր նպաստել ԵՄ ընդհանուր օրենսդրության կամավոր մոտարկմանը` համընդհանուր  ճանաչված նորմերի հիման վրա: 

Թայեքսն աջակցում է երկրներին` ԵՄ օրենսդրության մոտարկման, դրա ներդրման և կիրառման հարցում: Այն հիմնականում պահանջարկով ուղղորդվող, օժանդակություն ստանալու հայտերի վրա հիմնված գործիք է, որը նպաստում է նաև մատնանշված խնդիրներին ուղղված համապատասխան անհապաղ փորձագիտական աջակցության տրամադրմանը:

Թայեքսի հիմնական խնդիրներն են.

  • Շահառու երկրի ազգային օրենսդրությունը ԵՄ օրենսդրությանը համապատասխան բարեփոխման, ինչպես նաև օրենսդրության հետագա ներդրման և կիրարկման ուղղությամբ կարճաժամկետ տեխնիկական աջակցության և խորհրդատվության տրամադրում;  
  • Շահառու երկրների գործընկերներին և շահագրգիռ կողմերին տեխնիկական  ուսուցման և «գործընկերը գործընկերոջը» սկզբունքով աջակցության տրամադրում;
  • Տեղեկատվություն հավաքագրելու և տրամադրելու միջոցով տեղեկատվական միջնորդի դերի ստանձնում;
  • Մոտարկման գործընթացը պարզեցնելու և դիտանցելու, ինչպես նաև հետագա տեխնիկական աջակցության կարիքները որոշակիացնելու նպատակով տվյալների և տեղեկատվական միջոցների տրամադրում:  

Թայեքսի աջակցության տեսակները

Թայեքսի աջակցությունը կարող է տրամադրվել մեկ, մի քանի կամ բոլոր շահառու երկրներին' կախված բացահայտված կարիքներից: Այդ ծառայությունները ներառում են սահմանված կարիքներին համապատասխանող առանձին, մեկանգամյա գործողություններ, ինչպես նաև  շարունակական գործողություններ այն դեպքերում, երբ օժանդակությունը պահանջվում է երկարատև ժամանակահատվածի համար, և բացակայում են տեխնիկական օժանդակության այլ  գործիքներ:   

Թայեքսի աջակցության գործիքների հիմնական տեսակներն են.

Սեմինար - աշխատաժողով

Փորձագիտական առաքելություն

Գնահատման առաքելություն

Ճանաչողական այց ԵՄ անդամ երկրներ

Թայեքսի շահառուները

Թայեքսի աջակցության շահառուներ են համարվում այն հանրային և մասնավոր ոլորտները, որոնք կարևոր դեր են խաղում շահառու երկրներում ԵՄ օրենսդրության մոտարկման,  ներդրման և կիրարկման գործում: Հիմնական թիրախային խմբերն են. 

  • Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում  աշխատող քաղաքացիական ծառայողները;
  • Դատաիրավական համակարգի պատասխանատուները;
  • Պատգամավորները, խորհրդարանի աշխատակազմի և օրենսդրության բարեփոխմամբ զբաղված հանձնաժողովների աշխատակիցները;
  • Սոցիալական գործընկեր հանդիսացող մասնագիտական և առևտրային  միավորումները, ինչպես նաև արհմիությունների և գործատուների միությունների ներկայացուցիչները;
  • Օրենսդրական տեքստերի թարգմանիչները, խմբագիրները:

 Թայեքսը չի տրամադրում անմիջական աջակցություն անհատ քաղաքացիներին կամ մասնավոր ընկերություններին: