PAO Armenia
Սահմանում

Թվինինգը ինստիտուցիոնալ հզորացման գործիք է, որը շահառու երկրի պետական մարմնի և ԵՄ անդամ պետության նմանատիպ հաստատության միջև ԵՄ օրենսդրության որոշակի ոլորտում կուտակած ազգային փորձի փոխանակման հնարավորություն է ընձեռում: 

Թվինինգ գործիքն ստեղծվել է 1998թ.ԵՄ անդամակցության թեկնածու երկրների վարչական և ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանն աջակցելու նպատակով: Այն ընկալվել է որպես վարչական համագործակցության հասցեական գործիք, որն օգնում է թեկնածու պետություններին հզորացնել իրենց վարչական և իրավական կարողությունները` ԵՄ օրենսդրության կիրարկման համար: Թվինինգ ծրագիրը նոր թափ ստացավ, երբ այն ընդլայնվեց' ընդգրկելով ԵՄ հարևան երկրները: ԱՊՀ երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) Թվինինգ  ծրագրերն իրականացվում են կենտրոնացված եղանակով, ինչը նշանակում է, որ պայմանագիր կնքող մարմինը Եվրոպական Հանձնաժողովի պատվիրակությունն է:

Թվինինգի նպատակն է կատարելագործել/արդիականացնել շահառու երկրի մարմինները` կենտրոնական, մարզային և տեղական մակարդակներով' ուսուցումների, վերակազմակերպման, ինչպես նաև ԵՄ համընդհանուր օրենսդրության հիման վրա համապատասխան օրենքներ և կանոնակարգեր մշակելու միջոցով: Թվինինգ ծրագրի հիմնարար սկզբունքը պարտադիր արդյունքների ապահովումն է: