PAO Armenia
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ

Թվինինգ ծրագիրը հասանելի է միայն ՀՀ պետական կառավարման մարմիններին: Այս ծրագիրը ենթադրում է շահառու երկրի պետական կառավարման մարմնի և ԵՄ անդամ երկրի համապատասխան պետական կառույցի միջև որևէ ոլորտում պարտադիր արդյունք ապահովող համագործակցություն:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տարեկան երկու անգամ ՀՀ պետական մարմիններին առաջարկում է 60 օրվա ընթացքում ներկայացնել Թվինինգ գործիքի ներքո իրականացվելիք մինչև երեք ծրագրային առաջարկ։

Ծրագրի շահառուները կարող են դիմել Թվիննինգ օժանդակության համար` լրացնելով սահմանված ձևաչափը անգլերեն լեզվով:

Ծրագրային առաջարկների Թվինինգի չափանիշներին համապատասխանության նախնական գնահատումն իրականացվում է  յուրաքանչյուր պետական մարմնում նշանակված պատասխանատու անձանց կողմից: Թվինինգ չափանիշներին չհամապատասխանող առաջարկները վերադարձվում են, իսկ մյուս առաջարկներից ընտրվում են առավելագույնը երեք առաջնային առաջարկները և սահմանված ժամկետում ուղարկվում գործակալությանը:

Ծրագրային առաջարկները ներկայացվում են տվյալ մարմնի ղեկավարի պաշտոնական գրությամբ:

Գործակալությունը գնահատում է ստացված ծրագրային առաջարկների համապատասխանությունը Եվրոպական Հանձնաժողովի կողմից սահմանված չափանիշներին։ Թվինինգի չափանիշներին բավարարող ծրագրային առաջարկների քննարկման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է Թվինինգ ծրագրերի իրականացման խորհուրդ: Խորհրդի նախագահը ՀՀ էկոնոմիկայի նախարարն է: Գործակալությունը խորհրդի քննարկմանն է ներկայացնում արդեն իսկ նախապես գնահատված ծրագրային առաջարկները' քննարկելու և ըստ առաջնայնության դասակարգելու նպատակով: Խորհրդի կողմից հաստատված և ըստ առաջնայնության դասակարգված Թվինինգ ծրագրայինառաջարկների ցանկը ստանալուց հետո գործակալությունն այն տրամադրում է ՀՀ-ում Եվրոպական Հանձնաժողովի պատվիրակությանը' ներկայացված առաջնահերթությամբ մինչև երեք ծրագրային առաջարկ հաստատելու նպատակով։

Թվինինգի ընթացակարգը ՀՀ-ում կանոնակարգվում է Թվինինգի ընդհանրական ձեռնարկով և ՀՀ կառավարության  2009 թվականի մայիսի 29 N 605-Ն որոշմամբ: